HomeMap EnglishRussian
ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
Մինսկում կայացել է ՀԱՊԿ ԱԱԽ քարտուղարների կոմիտեի հերթական նիստը15.06.2017  

Ս.թ. հունիսի 15-ին ՀՀ Նախագահի աշխատակազմի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարության ղեկավար Արամ Թանանյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Բելառուսի Հանրապետության մայրաքաղաք Մինսկում կայացած ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստին, որին մասնակցել են ՀԱՊԿ բոլոր անդամ պետությունների պատվիրակությունները և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը:

Նիստի ընթացքում տեղի են ունեցել շահագրգիռ քննարկումներ «Տեղեկատվական անվտանգության ապահովման բնագավառում ՀԱՊԿ գործունեության արդյունքների և հեռանկարների մասին» և «Ինքնուրույն հատուկ գործողությունների անցկացման համար ՀԱՊԿ Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի հատուկ նշանակության ուժերի կազմավորումների կառավարման մարմնի ստեղծման վերաբերյալ առաջարկությունների մասին» հարցերի շուրջ:

Շուրջ 10 հարցից բաղկացած օրակարգի շրջանակներում ստորագրվել են «Արտաքին քաղաքականության, անվտանգության և պաշտպանության հարցերով 2017թ. երկրորդ կիսամյակում և 2018թ. առաջին կիսամյակում ՀԱՊԿ անդամ-պետությունների ներկայացուցիչների խորհրդատվությունների պլանի» և «ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների կառավարման մարմինների և կազմավորումների պատրաստության 2018թ. պլանի» մասին որոշումները, մի շարք այլ փաստաթղթեր:

ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի հաջորդ նիստը որոշվել է անցկացնել 2017թ. նոյեմբերին Մինսկում:

Նիստի անցկացման օրը ՀԱՊԿ անդամ պետությունների պատվիրակությունների ղեկավարներին և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին ընդունեց Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: